суббота, 2 марта 2013 г.

Հատված ''Ալինա'' վիպակից

Ո՞վ էր ճանաչում Ալինային: Ես տեսա նրան մոտիկից: Միակ տեսակցությունն իմ առաջին և միակ իսկական սիրո, որ ունեցա: Ես ձգեցի նրա դագաղի վրա դեղին վարդերի մի փունջ: Ահ, որքան նրա դեմքի գույնը նման էր այդ վարդերին: Նրան հագցրել էին իր մշտական մետաքսյա սև զգեստը: Չկար նրա կրծքի վրա սովորական դեղին վարդը: Ես զգացի, որ ամուսինն է պոկել այդ վարդը նրա կրծքից: Զգացի, որովհետև, երբ ես իմ փունջը ձգեցի դագաղի վրա, նա, կարծես մի տեսակ ցնցվեց, նայեց ինձ մռայլ հայացքով: Նա մի շարժում արավ դեպի դագաղը, կարծես, փունջը դեն ձգելու նպատակով, բայց կանգ առավ, երես դարձնելով ինձնից: Իսկ նա դագաղի ապակու միջից ժպտաց ինձ: Այն անշարժ, այն ծով ու հեռավոր ժպիտով,որ ես առաջին անգամ տեսա նրա դեմքի վրա: Այդ ժպիտն այսօր էլ իմ ընկերն է, իմ երկրորդ էությունը, որ միայն գերեզման պիտի հետևե ինձ և ով՛ գիտե, գուցե գերեզմանից էլ դեն: Գիտե՞ք, ես շատ եմ ապրել, շատ եմ մտածել ու զգացել այս երեսուն տարվա ընթացքում: Սիրել եմ, սիրվել, ճանաչել եմ կանանց և եկել այն համոզունքին, որ մի և միմիայն մի անգամ եմ սիրել: Բարեկա՛մս, սեր չէ այն, ինչ որ մարդիկ սովոր են անվանել սեր, այսինքն՝ շոշափելին, առարկայականը: Բարեկամս, սեր չէ կինը, որի հետ խոսում ենք,բացատրվում, վիճում, կռվում, հաշտվում, նորեն կռվելու ու նորեն հաշտվելու համար: Սեր չէ կինը, որին գրկում ենք, համբուրում, պաշտում, որպեսզի վայելենք և վայելում ենք, որպեսզի ապականենք: Ոչ, դա սեր չէ: Սերը երազ է և երազ էլ պիտի թողնել նրան: Սերը հավիտենական է, անջնջելի, անմոռանալի, բայց անճաշակելի: Նա մի շող է, որ չիմարում, բայց և չի որսվում ինչպես թռչուն, մի գաղափար, որը չի հնանում, բայց և չի գործադրվում ինչպես մարմնավոր վայելքի միջոց, մի միտք, որ չի մաշվում, բայց և չի յուրացվում և մարմնանում: Սոսկալի է նրա պահանջը, բայց և հաճելի, օօ, անսահման հաճելի և անսահման թունավոր. պայքարել, երբեք չհաղթելու և ձգտել, երբեք չհասնելու համար: Նա դրամա չէ, որ ունի հանգույց, ընթացք ու վախճան: Նա մի տրագեդիա է առանց միջարարների ու առանց դադարների: Նա ունի միայն սկիզբ և երբեք վախճան, միայն ծնունդ և երբեք մահ…
— Իսկական սերն Ալինա է, — ավարտեց բժիշկ Ախուրյանը:

Комментариев нет:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...